Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև 19-ամյա Վաhե Եղիկյանը՝ իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը և կիսատ թողնելով նպատակներն ու երազանքները։ Հաղթանակի օրն էր ծնվել, հանուն հաղթանակի էլ անմահացավ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Վաhե Եղիկյանի մայրը՝ Կարինե Մուրադյանը, սրտի կսկիծով նշում է՝ որդուն մի քանի ամիս էր մնացել, որ զորացրվեր, բայց այլևս կմնա նրան սպասելով․ «Ասում էի՝ Վահիկս, բան չմնաց, 9 ամսից պրծնում ես, ասում էր՝ ում համար 9 ամիս, ում համար մի հղիություն»:

Վահեի զոհվելու հստակ օրը հարազատներն այդպես էլ չեն կարողանում իմանալ, դաժան լուրին չեն կարողացել հավատալ, երկարուձիգ օրեր փնտրել են, մինչև գտնել են նրա մարմինը։ «Իր ընկերներից մեկը՝ Շալիկոն, որը փորձել է փրկել Վահեիս, պատմում է, որ սեպտեմբերի 30-ին ծնկից վիրավորվել է, բայց վիրակապվելուց հետո վերադարձել է դիրքեր, շարունակել է մասնակցել կռվին: Կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ, տղաներին չի ուզել մենակ թողնի: Երբ թշնամին փորձել է գրավել դիրքը, հետ են նահանջել, այդ պահին արկը ընկել է մոտը՝ տարբեր վնասվածքներ հասցնելով: Շալիկոն փորձել է ուսին գցել, տանել, բայց հասկանալով, որ չի կարողանում, պառկեցրել է գետնին։ Վրան են բերել, որ Վահեիս դնեն վրան, մի քանիսով բռնեն, տանեն բուժկետ, բայց Վահիկս վերջին խոսքերն է ասել՝ «տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»: Իհարկե, ընկերները չեն թողել, բայց մինչև կփորձեին հասցնել բուժկետ, Վահես արնաքամ է եղել ու փակել աչքերը։ 25 օր բոլորս իրեն էինք փնտրում, գտնելը շատ դաժան էր… ինքը հատուկ արեց, որ ես սովորեմ էդ մտքին»,- պատմում է հերոսի մայրը։

Մոր սփոփանքը որդու ժամացույցն է․ զգում էր՝ այն կա ու ամեն գնով կարողացավ գտնել։ Մայրը պատմում է՝ երբ որդին արձակուրդ էր եկել, ժամացույց էր նվիրել նրան: Ընկերներն ասում են՝ համազգեստը, վարտիքը, ամեն ինչ նվիրում էր զինակից ընկերներին, բացի ժամացույցից․