Ակնկալվում է, որ ԱՄՆ դաշնային իշխանությունները երկուշաբթի օրը լրացուցիչ կցանկապատեն Սպիտակ տունը` նոյեմբերի 3-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների հետ կապված հնարավոր անկարգությունների բռնկման վտանգի պատճառով: Այս մասին հայտնում է CNN-ը` վկայակոչելով սեփական աղբյուրները:

Այդ ցանկապատը, ըստ հեռուստաընկերության, նման կլինի այն ցանկապատին, որը տեղադրվել էր ամերիկյան վարչակազմի ղեկավարի նստավայրի շուրջ անցյալ ամռանը մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային բողոքների ժամանակ:

Գաղտնի ծառայությունը, որն ապահովում է նաեւ Սպիտակ տան անվտանգությունը, դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ ընդհանուր ընտրություններում կընտրվեն նախագահը եւ փոխնախագահը, 35 սենատորները, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերը եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հանրապետական ​​Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը: