Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիեզերագնացության զարգացման առաջնահերթությունների շարքում նշել է հրթիռային համալիրների հեռանկարային շարքի ստեղծումը և սեփական տիեզերական ենթակառուցվածքների կատարելագործումը:

«Պետք է ելնենք առաջնահերթություններից: Դա սեփական տիեզերական ենթակառուցվածքների կատարելագործումն է, տիեզերական սարքավորումների որակական բարելավումն ու հարստացումը, կառավարվող ծրագրերի ռիթմիկ շարունակությունը, հրթիռային համալիրների հեռանկարային շարքի ստեղծումը, նորարար տիեզերական տեխնիկայի, արտադրանքի և ծառայությունների մասնաբաժնի ավելացումը», —ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ղեկավարը:

Պուտինի խոսքով՝ «այդ ռազմավարական առաջադրանքների լուծումը հսկայական նշանակություն ունի երկրի համար, հայրենական տնտեսության արդյունավետ զարգացման և երկրի անվտանգության բարձրացման համար»:

Խորհրդակցության ժամանակ նախագահն առաջարկել է կենտրոնանալ «հրթիռատիեզերական արդյունաբերության ֆինանսավորման հստակ հարցերի, ինչպես նաև տիեզերական ոլորտի մի շարք առանցքային ծրագրերի վրա»: