Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել մարդասիրական կազմակերպությունների միջոցով 17 մլն նորվեգական կրոն (€1,5 մլն) ուղարկել Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն օգնելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է երկրի ԱԳՆ-ն:

«Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ շատ կյանքեր են խլել, ստիպել են շատերին լքել իրենց տները և մեծ տառապանքներ են պատճառել քաղաքացիական բնակչությանը: Նորվեգիան 17 մլն կրոն կուղարկի հումանիտար կազմակերպություններին, որոնք պաշտպանում են և աջակցություն են տրամադրում նրանց, ովքեր ամենից շատ են տուժել հակամարտության պատճառով»,- հայտնել են նախարարությունից:

Երկրի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեի խոսքով՝ Նորվեգիան ակնկալում է, որ հակամարտության մասնակիցները կապահովեն հումանիտար կազմակերպությունների հասանելիության անվտանգությունն ու առանց խոչընդոտ աշխատանքը: Վերջինս հայտնել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։