Ըստ կանխատեսումների, 2021 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4.8 տոկոս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, այս կանխատեսման համար օգտագործվող մեթոդաբանությունը հաշվի է առնում հնարավոր ռիսկերը, որոնք կարող են ազդեցություն ունենալ տնտեսական աճի ցուցանիշի վրա:

«Հավանական է գնահատված 4-6 տոկոս միջակայքը տնտեսական աճի՝ ավելի հավանական, քան մնացածը: Եւ այդ հավանականությունը 0.27 է: 2-4 տոկոսի հավանականությունը 0.24 է գնահատվում, 0-2 եւ 6-ից բարձր՝ ավելի փոքր հավանականությամբ կարող է տեղի ունենալ: Ռիսկեր կան, բնականաբար, եւ չափազանց մեծ է անորոշության աստիճանը: Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ թե համավարակով պայմանավորված, որը անորոշություն է ենթադրում ամբողջ աշխարհի համար, եւ թե կոնկրետ մեր դեպքում ռազմական գործողություններով պայմանավորված, որը մեր երկրին բնորոշ, անորոշությունների խումբ է ձեւավորում», — ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ակնկալվող տնտեսական աճի այս կանխատեսումը հիմնված է ավելի վաղ արված 6 տոկոս տնտեսական անկման կանխատեսման վրա:

«Այն կանխատեսումից հետո վերանայել ենք բյուջեն եւ գնահատել ենք, որ ռազմական գործողություններով պայմանավորված լրացուցիչ 0.8 տոկոսային կետի չափ բացասական զարգացում կարող ենք սպասել այս տարի: Հետեւաբար, դրանից բխող նաեւ ՀՆԱ-ի հավանական մեծությունը կարող է ավելի պակաս լինել, քան բյուջեի նախագծի հիմքում 2020 թվականի համար նախանշված է, եւ դրանից կախված նաեւ հարկային եկամուտներն են վերանայվել, ինչպես նաեւ ծախսերի նույն մակարդակի պայմանները պահելու պարագայում լրացուցիչ պարտք ներգրավելու անհրաժեշություն է առաջացել, որ հնարավոր լինի ֆինանսավորել պակասորդը»:

Հայաստանի Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախարարը նշել էր, որ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն` ՀՀ իշխանությունները նախատեսում են 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ եկամուտ ապահովել: Ընդ որոմ, պլանավորված ծախսերի ծավալը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ կկազմի: Այսպիսով, դեֆիցիտը կկազմի 274 միլիարդ դրամ: