Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմը ոտքի հանեց բոլորին։ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործը կանչեց բոլորին։ Մինչ այս պահն էլ չի դադարում կամավորների հոսքը։

Պատերազմի մեկնարկից անմիջապես հետո 20 -ամյա Էդգար Ավետիսյանը, ով 9-ը ամիս առաջ էր զորացրվել, եղբոր հետ դիմեց զինկոմիսարիատ՝ մեկնելու ռազմաճակատ։ Երեք օր անց կառույցից պատասխանել են, առայժմ մեկնելու է Էդգարը։

Արցախից 20 ամյա կամավորը նոր է վերադարձել։ «Որոշեցի մեկնել երկրորդ օրվանից, բայց դեպքերի դասավորվածությունը այնպես եղավ, որ մեկնեցի պատերազմի երրորդ օրը։ Պատճառն՝ այլ տարբերակ չտեսնելն էր, կռվել և հաղթելը, որպես միակ ելք ընդունելով մեկնեցի»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Էդգարը։

Ընտանիքում՝ բանակից ամիսներ առաջ զորացրված Էդգարի որոշումը չեն էլ քննարկել, սպասել են, որ իրենց որդին առաջիններից է շտապելու Արցախ, նվիրվելու հայրենիքի պաշտպանությանը։ «Եղել են միակարծիք, որ այս պահի դրությամբ միակ տարբերակը դա է՝ գնալ և կռվել։ Երկու եղբայր գնացինք, որ կամավորագրվենք, չգիտեմ ինչ պատճառով ես կարողացա գնալ։ Ընտանիքս շատ հանգիստ է տարել այդ որոշումը»,- ասաց Էդգար Ավետիսյանը։


Նա նշեց, որ առաջնագծում կռվող տղաների մարտական ոգին բարձր է, բարոյահոգեբանական մթնոլորտը լավ։ «Չնայած դժվարություններին, մեր բոլոր զոհերի համար սգալով, միաժամանակ արձանագրած հաջողություններով, ընդհանուր առմամբ մարտական ոգին անգամ իմ սպասածից բարձր է»։ Կամավորականը հասարակությանը խորհուրդ է տալիս առաջնագծի վերաբերյալ տեղեկությունների հետևել բացառապես հիմնվելով պաշտոնական լրահոսին։ «Առաջին հերթին հետեւեն պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել սխալ ինֆորմացիա, քանի որ առաջնագծում գտնվող տղաները հիմնական ինֆորմացիան ստանում են Երևանից, այսինքն այնտեղ կապի միջոցներ, ինտերնետ չեն օգտագործում, և հետեւաբար սխալ ինֆորմացիա ինտերնետում, հասարակության մեջ տարածելով բերում է նրան, որ զինվորականները, կամավորները իմանում են տեղեկություններ, որոնք չկան և դրանք կարող են որոշակի խուճապ առաջացնել»,- նշեց Էդգար Ավետիսյանը։

Չնայած այն հանգամանքին, որ նոր է վերադարձել, 20 -ամյա Էդգար Ավետիսյանը նշում է, որ հիմա էլ պատրաստ է մեկնելու։ Վստահ է առաջնագծում գտնվողները իրենց գործը շատ լավ գիտեն և վստահաբար իրականացնում են իրենց առաջ դրված պարտականությունները։
Բայց խոսք ուներ ուղղված թիկունքին, որը խորհուրդի տեսքով է։ «Պետք չէ ընկնել ոչ էյֆորիկ ուրախության մեջ, ոչ էլ՝ ծայրահեղ հուսահատության։ Պատերազմի դաժանությունը հենց դրանում է կայանում, որ ամեն վարկյան լուրեր են փոխվում և շատ ժամանակ պատերազմի ժամանակ շրջանառվղ լուրերը ոչ միշտ են համընկնում վերջի արդյունքի հետ, այսինքն այսօր լսել մի հուսահատական լուր, դա դեռ չի նշանակում, որ պարտվել ենք, կամ լսել՝ հրաշալի լուր, դա դեռ չի նշանակում, որ արդեն հաղթել, գտնվել էյֆորայի և հուսահատության արանքում, նայել ամեն ինչին ռեալ»,- նշեց Էդգար Ավետիսյանը, եզրափակելով հաղթանակը հայկական կողմինն է լինելու։

Irakanum.am