Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՝ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Ասատրյանի վարած BMW X5 մակնիշի 05 QQ 022 համարանիշի և Երևանի բնակիչ, 60-ամյա Աղվան Իսկանդարյանի վարած ГАЗ 322132 մակնիշի 28 58 Տ համարանիշի թիվ 20 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:

Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մի քանիսն էլ տեղափոխվել են քաղաքացիների կողմից:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մի քանիսին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիք Բազիկյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչներ Արարատ Թևոսյանի և Գևորգ Մինասյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Գ. Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկասնությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: