Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արձագանքելու է պետությունը կործանելու՝ հասարակական ու կրոնական ցանկացած կազմակերպության փորձերին, փոխանցում է БелТА-ն։

«Եթե Բելառուսում գեթ մեկ կազմակերպություն, լինի դա հասարակական, թե կրոնական, փորձի ոչնչացնել պետությունը, ես, իհարկե, ստիպված կլինեմ արձագանքել դրանք։ Որպես սահմանադրությամբ հաստատված պետության ղեկավար՝ ես պարտավոր եմ պաշտպանել այդ պետությունը, սա իմ առաջնային պարտականությունն է», — հայտարարել է Լուկաշենկոն երկուշաբթի Բելառուսի ուղղափառ եկեղեցու գահերեց Մինսկի և Զասլավլի մետրոպոլիտ Վենիամինի հետ հանդիպման ժամանակ։

Լուկաշենկոն հիշեցրել է նաև Բելառուսի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Մինսկի և Մոգիլյովի մետրոպոլիտ Թադեուշ Կոնդրուսևիչի հետ կապված միջադեպքի մասին, որին Լեհաստանից վերադառնալիս օգոստոսի վերջին արգելվել է մուտք գործել երկիր։

«Դրա օրինակն է կաթոլիկ եկեղեցու վանահայը։ Որևէ մեկին թույլ չի տրվի մեկնել Լեհաստան ու խորհրդատվություններ ստանալ երկիրը ոչնչացնելու նպատակով», — նշել է նա՝ հավելելով, որ Բելառուսը միշտ հավատարիմ է եղել միջկրոնական խաղաղության պահպանմանը, որի հենակետը, նրա կարծիքով, ուղղափառ եկեղեցին է։

«Դուք գիտեք՝ մենք գնահատում ենք այն դավանանքային խաղաղությունը, որը մեզ հաջողվել է հաստատել քառորդ դարի ընթացքում։ Գուցե չափազանց անհամեստ է, սակայն ես հպարտանում եմ դրանով, հպարտանում են, որ այն տեղի է ունեցել այն տարիներին, որոնց ընթացքում ես պարտավոր եմ եղել ծառայել հայրենիքին։ Դուք պետք է հասկանաք, որ այն միջկրոնական խաղաղությունը, որին հասել ենք, ոչ մեկին չենք տա ու միշտ հավատարիմ կլինենք դրան։ Միևնույն ժամանակ եղեղեցում լինելիս ես միշտ շեշտել եմ, որ այդ խաղաղության հենակետը ուղղափառ եկեղեցին է, ինչը պայմանավորված է նրանով, որ այն պարզապես հսկայական է մյուս եկեղեցիների համեմատ», — ընդգծել է Լուկաշենկոն։

Մինսկի նկատմամբ Վարշավայի դիրքորոշման պատճառով Բելառուսը ներկայում չի կարող հոգևորականներ ընդունել Լեհաստանից, հավելել է Լուկաշենկոն։

«Ինչպես մենք կարող ենք այժմ հոգևորականներ ընդունել Լեհաստանից, եթե լեհական պետությունը, որը կաթոլիկ է, նման դիրքորոշում է ընդունել Բելառուսի նկատմամբ։ Դա նորմալ չէ», — ասել է նա։

Նույն օրը վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ հանդիպման ժամանակ նախագահն անդրադարձել է նաև երկրի ձեռնարկությունների աշխատակիցներին ու տեխնիկական մտավորականությանը՝ բարձր գնահատելով այն, որ նրանք անտեսել են համազգային գործադուլ հայտարարելու ընդդիմության կոչերը։