Իրանը կրկին լուրջ մտահոգություն է հայտնել երկրի հյուսիսային սահմաններում ահաբեկիչների ներկայության առնչությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսին:

«Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին տարածաշրջանային այցերի ժամանակ զգուշացրել է երկրի հյուսիսային սահմաններին ահաբեկիչների ներկայության մասին: Մենք մինչ այժմ էլ անհանգիստ ենք այդ հարցի կապակցությամբ»,- նշել է Խաթիբզադեն և հավելել, որ այդ հարցով իրենք ոչ ոքի հետ հաշվի չեն նստելու:

Ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր պաշտոնական թվիթերյան էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերը մարտի դաշտից երկու օտարերկրյա ահաբեկիչ են գերեվարել:

«Թուրքիան և Ադրբեջանը այլևս չենք կարող թաքնվել ստերի հետևում: Նրանք ահաբեկչության պետական հովանավորներ են»,-գրել է դիվանագետն ու գրառմանը կից Արցախի անկախության ճանաչման հեշթեգ օգտագործել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է երկու սիրիացի վարձկանը:

Նրանցից մեկը՝ 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ  Ալաաբեթ ալ Հաջին, նախնական հարցաքննության ժամանակ պատմել է, որ
«քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական  2000 դոլար  վարձավճար ու ևս 100 դոլար  «պարգևավճար»՝ ամեն  «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։