Արցախից տեղափոխված աշակերտների մի մասն արդեն դասապրոցեսը շարունակում է Հայաստանում, դասապրոցեսին չմիացածների համար դիտարկվում է հեռավար դասերի կազմակերպման հնարավորությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Մենք դեռ ամբողջական պատկեր չունենք, թե աշակերտների որ մասն է կցված դպրոցներին, բայց ունենք տարբեր տեղերում ժամանակավոր բնակություն հաստատած աշակերտներ, որոնք արդեն միացել են այն ուսումնական հաստատություններին, որոնք մոտ են բնակության վայրին, որպեսզի ժամանակի անտեղի վատնում չլինի և դասապրոցեսները շարունակեն ինչպես հարկն է: ՀՀ-ում  մանկապարտեզները, դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, ԲՈՒՀ-երը իրենց դռներն են բացել Արցախից ժամանածների համար: Այս ամենին զուգահեռ, մենք ունենք ուսուցիչներ Արցախից, որոնք առցանց եղանակով արդեն սկսել և շարունակում են իրենց դասերը»,-ասաց նախարարը:

Նա նաև նշեց, որ 2 շաբաթ աշնանային արձակուրդի երկարաձգման ժամանակահատվածում ուսումնասիրությունները հստակ պատկերացում կտան, թե Հայաստանում հաստատված աշակերտներից ովքեր ներգրավված չեն դասապրոցեսներում, որպեսզի կազմակերպեն նրանց գոնե առցանց ուսուցումը, որովհետև չեն կարող կրթության ընթացքը դադարեցնել:

Ըստ Լուսինե Ղարախանյանի՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում կան  ավերված 61 դպրոց,10 մանկապարտեզ, մոտ մեկ տասնյակին հասնող մշակութային տներ: «Ավերվել են նաև Արցախում գործող թանգարաններից երկուսը, վնասվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, Գոհար տիկնոջ մզկիթը: Դպրոցներում ունենք ավերածություններ բառի բուն իմաստով, ունենք հրդեհված, հրետակոծված դպրոցներ, որոնց վերականգնումը երկար ժամանակ է պահանջելու և գնալով դրանց թիվն աճում է»,-նշեց նախարարը:

Պատերազմական այս իրավիճակում անգամ սփյուռքից բարերարներ, մտավորականներ կան, որոնք պարբերաբար զանգում և իրենց պատրաստակամությունն են հայտնում վերականգնելու, վերակառուցելու այս կամ այն շենք-շինությունը: «Այս առումով պատկերը հուսադրող է: Սակայն պատերազմի ավարտից հետո անհրաժեշտ է լինելու որոշ քաղաքներում և գյուղերում նորից կառուցել մշակույթի տներ՝ հիմնահատակ ավերված լինելու պատճառով, օրինակ Ասկերանում և Այգեստանում: Կան լրիվ ավերված և մասնակի ավերված շինություններ»,-ասաց Լուսինե Ղարախանյանը:

Նախարարը նշեց, որ հիասթափված է միջազգային հանրության «հանցավոր անտարբերությունից», նրանց ամենատես աչքի առաջ կոպտորեն խախտվում է մարդկանց կրթության իրավունքը, մշակույթի իրացման իրավունքը: «Ես նամակ էի գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որն այդպես էլ անպատասխան է մնացել մինչև այժմ: Մեկ այլ նամակ գրել եմ ՄԱԿ-ի կրթության իրավունքի գլխավոր զեկուցողին, որտեղ ներկայացրել եմ կրթության իրավունքի իրացման իրավիճակը,բայց էլի պատասխան չկա: Մեր ուսուցիչներն են զոհվում. ունենք դպրոցների զոհված տնօրեններ, զինղեկներ: Ես խորապես հիասթափված եմ և հույսս դնում եմ միայն ու միայն սահմանին կանգնած զինվորի վրա»,-ավելացրեց նախարարը: