Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ինքնամեկուսացել է, երբ հաստատվել է կորոնավիրուս նրա աշխատակցի մոտ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

«Ցավոք, այժմ ես պետք է աշխատեմ հատուկ ռեժիմում, քանի որ կորոնավիրուս է հաստատվել իմ աշխատակցի մոտ, որի հետ նախօրեին ես տեւական շփում են ունեցել: Համապատասխանաբար, ես ինքնամեկուսացել եմ»,-գրել է Գախարիան ֆեյսբուքյան իր էջում:

Հանրային հեռուստատեսության տվյալներով՝ վարակվել է վարչապետի անվտանգության ծառայության աշխատակիցը: Ինքը՝ Գախարիան, նշել է, որ կորոնավիրուսն այդ մարդու մոտ հաստատվել է նպատակային թեստավորման արդյունքում:

Անհրաժեշտ է նշել, որ հոկտեմբերի 19-ին COVID-19 էր ախտորոշվել «Վրացական երազանք» կուսակցությունից պատգամավոր Նինո Ցիլոսանիի, ինչպես նաեւ Լանչխութիի քաղաքապետ Ալեքսանդր Սարիշվիլիի մոտ: Նախքան այդ Գախարիան շփվել է նրանց հետ: Այդ ժամանակ վարչապետը հայտնել էր լրագրողներին, որ թեստավորվել էր, որի պատասխանը բացասական էր: Գախարիան հավելել էր, որ չի կարող թույլ տալ իրեն ինքնամեկուսանալ բարդ աշխատանքային գրաֆիկի պատճառով:

«Ինքնամեկուսանալ եւ ի՞նչ անել: Ո՞վ իմ փոխարեն կաշխատի»,-այդ ժամանակ նա հայտարարել էր լրագրողներին:

Փետրվարի վերջում եւ առ այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 727 դեպք: Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 25 104, մահացել է 335 պացիենտ: