Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան անվանել է աբսուրդային խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու մասին մեղադրանքները: Այդ մասին նա հայտարարել է այսօր ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Ընդդիմությունը համաձայն չէ ընտրությունների նախնական արդյունքների հետ, որոնք ԿԸՀ-ն սկսել է հրապարակել ընտրատեղամասերը փակվելուց ութ ժամ անց: Նրանք համարում են, որ արդյունքները կեղծվել են ի օգուտ «Վրացական երազանքի»: Հայտարարվում է ինչպես քվեաթերթիկների լցոնման, այնպես էլ արձանագրությունները կեղծելու մասին:

«Գնահատականները, որոնք ենթադրում են, որ ընթացքում ինչ-որ մեկն ինչ-որ բան է փոխել, լուրջ չեն: Դա աբսուրդ է եւ անցյալ դարի գնահատականներ, որոնք զարգացած Վրաստանը ջնջել է իր պատմությունից»,-հայտարարել է Ժվանիան:

Նրա կարծիքով՝ հնարավոր չէ կեղծել վերջնական արձանագրությունները, որոնք պատարստել են ընտրատեղամասերում: Նա նշել է, որ այդ գործընթացին հետեւել են քաղաքական կուսակցությունների ավելի քան 80 հազար ներկայացուցիչ, ավելի քան 47 հազար տեղացի դիտորդ, ԶԼՄ-ների մինչեւ 6 հազար ներկայացուցիչ, ինչպես նաեւ միջազգային դիտորդներ:

«Դեռ ավելին, կան հանձնաժողովի անդամներ, որոնք հավաստիացրել են նշված արձանագրությունները սեփական ստորագրությամբ: Գլխավորն այն է, որ բոլոր ընտրատեղամասերում այդ արձանագրությունները տրվում են լիազորված անձանց, որոնք ներկա են այնտեղ»,-հավելել է Ժվանիան:

Նա նշել է, որ ԿԸՀ-ն ծառայում է միայն Վրաստանի քաղաքացիներին, այլ ոչ ինչ-որ քաղաքական կուսակցության շահերին: Ժվանիան նաեւ կոչ է արել հարգել երկրի կամքն ու չտրվել քաղաքական շահերին:

Մինչեւ ուշ գիշեր Վրաստանի ԿԸՀ շենքի մոտ շարունակվել է բողոքի ցույցը: Մասնակցել են տարբեր ընդդիմադիր կուսակցությունների անդամներ եւ ակտիվիստներ: Նրանք բղավել են «Գողեր» եւ պահանջել հանդիպել Թամար Ժվանիային: ԿԸՀ շենք մտնել ոչ մեկի թույլ չեն տվել: Ակցիան ավարտվել է լուսադեմին:

Ուշ գիշերն ընդդիմադրիները հանդիպել են քննարկելու գործողությունների համատեղ ծրագիրն իրենց ընտրողների ձայները պաշտպանելու համար: Այսօր 16:00-ին մի քանի ընդդիմադիր կուսակցություններ կանցկացնեն բողոքի ցույց Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի հարեւանությամբ:

Ձայների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 49,98 տոկոսը համամասնական համակարգով, իսկ «Միասնության ուժ» Միասնական ազգային շարժումը՝ 25,42 տոկոսը:

Ինչ վերաբերում է միամանդատ շրջաններին՝բացառությամբ Թբիլիսիում Գլդանի շրջանի, ամբողջ երկրում առաջատարն է «Վրացական երազանքը»: 23 շրջանների հաղթողներին որոշելու համար անհրաժեշտ է երկրորդ փուլը, քանի որ այնտեղ ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը:

Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացել են խորհրդարանական ընտրությունները: Դրանք անցել են խառը համակարգով. 120 պատգամավոր ընտրվել է համամասնական համակարգով, իսկ 31-ը՝ մեծամասնական: 150 մանդատի համար պայքարում մասնակցել է 48 կուսակցություն եւ երկու դաշինք: Ձայների ավելի քան 1 տոկոսը հավաքած բոլոր կուսակցությունները կունենան ներկայացուցիչներ խորհրդարանում:

Ընտրություններում ձայնի իրավունք ունի ավելի քան 3,5 միլիոն քաղաքացի: Նրանց համար բաց են ավելի քան 3,8 հազար ընտրատեղամասեր:

Ընտրատեղամասերի փակման պահին մասնակցությունը կազմել է 56,11 տոկոս: Ամբողջ օրվա ընթացքում քվեարկել է Վրաստանի 1 970 540 քաղաքացի: