Խաղաղ ու եռագույն բողոքի ակցիա Լոնդոնում՝ նավթագազային British Petroleum միջազգային ընկերության գրասենյակի դիմաց։ Բրիտանահայերի պահանջը հստակ է․ դադարեցնել բիզնես կապերը Ադրբեջանի հետ։  Ակցիայի մասնակիցները նշում էին, որ Ադրբեջանում գրասենյակ ունեցող և ադրբեջանական նավթն արդյունահանող ու արտահանող ընկերությունը ֆինանսավորում է Արցախի դեմ պատերազմը։

Ինչպես հայտնում է Հարային Ռադիոյի պաշտոնական կայքէջը, Հայաստանի և Արցախի դրոշով ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Դադարեցրե’ք ֆինանսավորել պատերազմը», «Դադարեցրե՜ք ֆինանսավորել ահաբեկչությունը», «Ամոթ BP-ին», «BP-ն սպանում է մարդկանց»։ Բողոքի խաղաղ ցույցի մասնակիցները նշում էին նաև, որ Հայաստանն ու Արցախն այժմ պայքարում են British Petroleum-ի կողմից ֆինանսավորվող Ադրբեջանի ահաբեկչական ռեժիմի դեմ:

Եվրոպական մայրցամաքով տեղափոխվենք դեպի հարավ։ Իսպանիայի Ալիկանտե քաղաքում հայկական բողոքի ակցիան լուռ էր։ Տեղի «Արարատ» հայկական համայնքի նախաձեռնությամբ հայերը քաղաքի փողոցներում Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով մարդկանց իրազեկել են հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացվող ահաբեկչական գործողությունների մասին, կոչ արել դադարեցնել պատերազմն ու ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Սահմաններ չճանաչող բողոքի հետքով տեղափոխվում ենք Հարավային Ամերիկա։ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում հայկական համայնքը ավտոերթ է կազմակերպել։ Հայերի պահանջը նույնն է՝ Արցախի անկախության ճանաչում և թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայի դատապարտում։ Ավտոերթին մասնակցել են հարյուրավոր ավտոմեքենաներ։

Սփյուռքն իր ձայնը բարձրացնելուց բացի շարունակում է նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել հայրենիքին ու նվիրատվություններ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Աթենքում հայկական համայնքի ներկայացուցիչները բացօթյա դրամահավաք էին կազմակերպել։ Ակցիայի մասնակիցները անցորդներին իրազեկել են Արցախի դեմ Թուրքիայի մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին և խնդրել` տնտեսական աջակցություն ցուցաբերել հայ ժողովրդին:

Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղը նոյեմբերի 1-ի դրությամբ շուրջ 800 հազար դոլար է փոխանցել Արցախին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի խնամակալ մարմինն իր խորին շնորհակալությունն է հայտնել բոլոր նվիրատուներին, հայկական կազմակերպություններին, որոնք իրենց նվիրատվություններով և կազմակերպած դրամահավաքներով նեցուկ եղան Հայաստանին և Արցախին»,- ասված է մասնաճյուղի տարածած հաղորդագրության մեջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: