Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բացահայտել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Իրանի առաջարկած ծրագրի որոշ ասպեկտները:

IRIB-ին տված հարցազրույցում Զարիֆը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության առաջին օրերից Իրանը բանակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ:

«Մենք համարում ենք, որ պատերազմը ամենամեծ վնասը կհասցնի տարածաշրջանի երկրներին, եւ այդ պատճառով այդ երկրները կարող են առավելագույն չափով ազդել հրադադարի վրա: Այդ համատեքստում ենք մենք բանակցում»,-ասել է նա՝ նշելով, որ Իրանի նախաձեռնությունը չի փորձում մրցել կարգավորման ուրիշ մեխանիզմերի հետ, ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Մեր ծրագրի կարեւոր առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ այն չի վերաբերում բացառապես ժամանակավոր հրադադարին, իսկ ավելի շուտ ուղղված է տարաձայնությունների լուծմանը կողմերի՝ որոշակի սկզբունքներին հակված լինելու շրջանակում, այնուհետեւ կիրականացվեն այլ միջոցառումներ, մասնավորապես, բոլոր օկուպացված տարածքներից օկուպացնող զորքերի դուրս բերումը»,-ասել է նա:

Զարիֆի խոսքով՝ մարդու իրավունքների իրացումը, տեղաշարժման երթուղիների ստեղծումը եւ խաղաղ ծրագիրն իրագործելու ընթացքին տարածաշրջանների երկրների մոնիթորինգը Թեհրանի նախաձեռնության ցանկում են: Նա նշել է, որ ԱԳ փոխնախարար Արագչին առաջարկել է ծրագիր Ադրբեջանին, Հայաստանին, Ռուսաստանի եւ Թուրքիային, եւ Թեհրանն այժմ ակնկալում է պատասխան այդ երկրներից այդ նախաձեռնության շուրջ:

Զարիֆը նաեւ հաստատել է, որ Իրանը թույլ չի տա իր սահմանների մոտ ահաբեկիչների ներկայությունը: