Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները սկսել են բողոքի ակցիա իրականացնել Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը, ցուցարարների խոսքով՝ ընտրություններն իրական չեն եղել: Նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները և նոր խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում են պահանջում:

Նշվում է, որ ավտոմեքենաների երթևեկությունը Ռուսթավելի պողոտայում արգելափակվել է:

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են կայացել: Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, որը հիմնադրել և գլխավորել է գործարար, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ստացել է ձայների 48 տոկոսից ավելին: Դա թույլ կտա կուսակցությանը մեծամասնություն ձևավորել խորհրդարանում:

Ընդհանուր առմամբ, օրենսդրական մարմին են անցնում 7 կուսակցություններ և երկու քաղաքական դաշինք, որոնք հաղթահարել են մեկ տոկոսի ընտրական շեմը: