Երեկ երեկոյան հակառակորդը փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու եւ Շուշիի ուղղություններով։ Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:

«Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է։

Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները եւ նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում։

Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, որովհետեւ այդ վայրում ունեցել են մեծաթիվ կորուստներ, եւ լիովին ձախողվել է նրանց մտահղացումը։

Ներկայումս ՊԲ ստորաբաժանումները վստահորեն զբաղեցնում են իրենց բնագծերը, վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը եւ պատրաստ են կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները»,- հայտնել է Սարումյանը: