Վրաստանի ներքին գործերի նախարարությունը 6 քրեական գործ է հարուցել խորհրդարանական ընտրությունների քվեարկության ժամանակ գրանցված խախտումների փաստով: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարի տեղակալ Նինո Ցիցիաշվիլին, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Նրա խոսքով՝ գործերի մեծ մասը կապված է ծեծկռտուքների հետ:

Մասնավորապես, քրեական գործ է հարուցվել «բռնություն» հոդվածով «Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստ Զվիադ Կուպրավային Թբիլիսիում Դիդի Դիգոմի միկրոշրջանում թիվ 40 ընտրատեղամասում ծեծի ենթարկելու փաստով:

Ոստիկանությունը հետաքննում է նաեւ Քութայիսիի քաղաքապետի թեկնածու Իրակլի Կիկվաձեի հայտարարությունը Քութայիսիի թիվ 13 ընտրատեղամասում մի քանի անձանց կողմից ծեծկռտուքի մասին:

Վրաստանում հոկտեմբերի 31-ին ընտրում են 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին: Ընտրություններին մասնակցում են 48 կուսակցություններ եւ 2 դաշինք: Առաջին անգամ Վրաստանում ընտրություններ են անցկացվում կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում:

Կընտրվեն 150 պատգամավորներ, 120-ը՝ համամասնական, 30-ը՝ մեծամասնական կարգով: