Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր Ջոել Ֆորդևինդը նկատել է, որ Արցախում Թուրքայի և սիրիացի ջիհադիստների աջակցությամբ Ադրբեջանի վայրագությունները Եվրամիության կողմից համապատասխան արձագանքի չեն արժանանում. Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հիմա որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողություններն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Ինչո՞ւ հիմա չկիրառել նպատակային պատժամիջոցներ կամ Լեռնային Ղարաբաղի վրայով թռիչքների արգելման գոտի ստեղծել: Ինչքա՞ն զոհեր դեռ պետք է լինեն, մինչև որևէ բան պատահի»,-շեշտել է պատգամավորը:

Նա հրապարակած նկարով համեմատականներ է անցկացրել՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 2-ին, երբ Գերմանիայի կառավարությունը հայտնեց Նավալնիի թունավորման մասին, արձագանքը եղավ այն, որ Եվրամիությունը և Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ, իսկ երբ նույն թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիան, Ռուսաստանը, Սիրիան հաստատեցին, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու համար, ու որի արդյունքում հազարավոր զոհեր կան, ԵՄ-ի կողմից արձագանք չկա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։