Հարսի ճերմակ զգեստին ու փեսացուի հանդերձանքին փոխարինել են վարդագույն զգեստն ու զինվորական հագուստը։ Կամավոր պատերազմ մեկնած Ավետիքն ու հարսնացուն՝ Աննան ավելի վաղ որոշել էին առանց մեծ հանդիսության սեպտեմբերի 27-ին պսակադրվել։ Հենց այդպես էլ արեցին, միայն, թե Ավետիքը որոշել էր՝ կամավորագրվելու է։ Աննայի համար այս լուրն անսպասելի չէր։

«Ես արդեն ծանոթ էի Ավետիքի ընտանիքին, գիտեի, որ նրա հայրը որպես կամավոր մասնակցել էր արցախյան պատերազմին։ Ինձ համար սպասելի էր, որ Ավետիքը ևս հայրենիքի հանդեպ սերը ավելի բարձր կդասի։ Ես հպարտությամբ,  ճիշտ է նաև արցունքներով, բայց համաձայնեցի իմ հերոսի որոշման հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աննան։

Հոկտեմբերի 29-ին Նորավանքում Ավետիքն ու Աննան միմյանց տեր ու հնազանդ լինելու խոստում տվեցին։ Նորավանքում Աստծո օրհնությունը ստանալու որոշումը Ավետիքինն էր։
«Հաշվի առնելով պատերազմական դրությունը, իհարկե, մեզնից հեռու, էսօր կանք, վաղը կարող է չլինենք՝ ես որոշեցի եկեղեցու առաջ պարտքս կատարել։ Աննայի հետ երկար ժամանակ է՝ ինչ շփվում ենք, իր համաձայնությունը տվեց ու հասանք էս օրվան»,- ասաց նա։

Աննայի ու Ավետիքի պսակադրության խորհրդանիշերից է նրանց հարսանեկան հանդերձանքը։ Կոստյումին փոխարինել էր զինվորական հագուստը, իսկ հարսի ճերմակ զգեստին՝ վարդագույնը։ Դա էլ իր բացատրությունն ուներ։

«Իմ  վարդագույն զգեստը խորհրդանշում է թափված արյան և սպասելիք հաղթանակի միաձուլումը»,- նշեց Աննան։

Պսակադրությունից հետո Ավետիքը մեկնել է դիրքեր, սիրելիին վստահեցնելով՝ վերադառնալու է հաղթանակով։