Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու հետեւանքով զոհված Սևակ Մովսիսյանը կամավոր էր մեկնել ռազմաճակատ։ 30-ամյա Սևակը Կոտայքի մարզի Զառ համայնքից էր։ Irakanum.am-ի հետ զրույցում զոհված կամավորականի ընկերը՝ Արտաշ Խաչատրյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ին՝ երբ մեկնարկեցին ռազմական գործողությունները Սևակը, որպես հայրենիքին նվիրված անձնավորություն դիմել էր զինկոմիսարիատ, ցանկություն հայտնել րոպե առաջ մեկնել ռազմաճակատ՝ կանգնելու հերոս տղաների կողքին։
«ԵԿՄ-ի հետ կամավոր էր գնացել։ Ամսի 27-ից ամեն օր գնում էր, որ տանեին։ Ասում էինք Սևո ջան գնա Վարդենիս, ասում էր չէ՝ պետք է Արցախ գնամ, ես էնտեղ կռիվ ունեմ անելու․․ ու ամսի 1-ին գնաց»,- պատմեց ընկերը։

Տասը օր շարունակ Սևակ Մովսիսյանը քաջաբար կռվել է մարտադաշտում, զինվորների, պահեստազորայինների ու սպաների կողքին՝հետ մղել թշնամու զորքի առաջխաղացումը։ Հոկտեմբերի 11-ին, ցավոք Սևակ Մովսիսյանը զոհվում է։


Զոհված ընկերոջ մասին անցյալով խոսել Արտաշին չի հաջողվում։ Հուզմունքն ու ցավը խեղդում են կոկորդը։ Մանկության ընկերն էր։ Միասին ճանապարհ էին անցել, ապագայի պլանների մասին՝ հաճախ խոսել։ Սևակը Զառ համայքում ապրում էր ծնողների և երկու եղբայրների հետ։ Նրանք ունեն առողջական խնդիրներ։ Ընտանիքի հոգսը Սևակն էր հոգում՝ աշխատում էր։ Ընկերոջը անդադար ասել էր ցանկություններ ու երազանքներ շատ ունի, բայց դրանցից գլխավորը՝ սեփական բիզնեսը հիմնելն էր։ Սևակ Մովսիսյանը ամուր կապված էր սեփական հայրենիքի, հարազատ գյուղի հետ և իր բոլոր նպատակներն էլ փորձում էր իրականացնել համայնքում։


«Շատ բարի, ընկերասեր, մաքուր տղա էր․․․ Նման մարդիկ հիմա քիչ կան։ Երազում էր ունենալ իր սեփական բիզնեսը։ Ինքը ուզում էր սեփական ջերմոցը ունենար։ Շատ աշխատող տղա էր, օր ու գիշեր աշխատում էր․․․ լիքը երազանքներ ուներ»,- պատմեց Արտաշը։
Սևակ Մովսիսյանն ամուսնացած չէր, ընկերուհի չուներ, բայց ընկերոջն էր խոստացել, գնալու է, կռիվը հաղթելու ու հաղթանակած վերադառնալուց հետո անպայման ընտանիք է կազմելու։
Սևակ Մովսիսյանին հուղարկավորել են հարազատ Զառ համայնքում։ Համայնքում երկրորդ հերոսն է հանգչում։ Գյուղում՝ մեծից փոքր բոլորը գիտեն Սևակն ու Պատվականը հերոսներ են։ Նրանք զոհվել են հանուն հաղթանակի։


Հավերժ փառք, հերոս քաջորդիներ։

Փայլակ Ֆահրադյան