Իրանի նախագահի՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով հատուկ դեսպանորդ, Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Անկարա, որտեղ իր թուրք գործընկերոջ՝ Սեդաթ Օնալի հետ քննարկել է հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։

Ինչպես հաղորդում է «Մեհր» գործկալությունը, հանդիպման ժամանակ դիվանագետները մի շարք հարցեր են քննարկել, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացումներին, ինչպես նաև իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված Իրանի ծրագրին:

Հիշեցնենք, որ Արաղչին իր տարածաշրջանային այցը սկսել է հոկտեմբերի 28-ին՝ մեկնելով Բաքու, այնուհետև՝ Մոսկվա, Երևան և Անկարա:

Ինչպես Երևանում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը ներկայացվել էր, Իրանի տարածաշրջանային նախաձեռնությունը ներառում է՝ հրադադար, հարձակումների դադարեցում բնակելի թաղամասերի և քաղաքացիների ուղղությամբ, ինչպես նաև տեղահանվածների վերաբնակեցում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։