Բրյուսելի Մոլենբեկ Սան Ժան շրջանում դպրոցի ուսուցիչը հեռացվել է աշխատանքից, երբ դասի ժամանակ ցուցադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը. այժմ նրա նկատմամբ կարգապահական ընթացակարգ է իրականացվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ըստ ծնողների տվյալների, որոնք հղում են արել դասերից հետո իրենց երեխաների խոսքերին, դասարանում ուսուցիչը երեխաներին փոխանցել է պլանշետ՝ առաջարկելով նրանց, ովքեր չեն ցանկանում դիտել ծաղրանկարը, նայել հատակին կամ ուրիշ կողմ»,-գրում է LaLibre բելգիական թերթը:

Ուսուցիչը վարում էր քաղաքացիության մասին դասը վեցերորդ դասարանում, որտեղ երեխաների միջին տարիքը 11 է: Դեպքը տեղի է ունեցել Փարիզում պատմության ուսուցիչ Սամուել Փաթիի սպանությունից մի քանի օր անց: Այդ սպանությունը եւս կապված է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու հետ:

Ինչպես պարբերականին պատմել է տեղի քաղաքային խորհրդի անդամներից մեկը՝ Խիշամ Շաքիրը, նրա որդին ներկա է գտնվել դասարանում, որտեղ ուսուցիչը ցույց է տվել ծաղրանկարը: Շաքիրն ինքն է տեղեկացրել դպրոցի վարչակազմին: «Ես համարում եմ, որ դա երեխաներին միայն ատելություն է սովորեցնում: Մենք չենք ցանկանում նեղացնել ուսուցչին կամ որեւէ մեկին, պարզապես ցանկանում ենք, որ հարգանքի արժանանա մեր կրոնը:  Եկեք ապրենք հարգելով, պահպանելով արժանապատվությունն ու եղբայրությունն անկախ կրոնական պատկանելիությունից»,-ասել է Շաքիրը:

Համայնքում, որտեղ գտնվում է դպրոցը, հաստատել են տեղեկատվությունն ուսուցչին աշխատանքից հեռացնելու մասին: «Ուսուցիչը դուրս է եկել դպրոցական ծրագրի շրջանակից, որը վերաբերում է  խոսքի ազատությանը, չի նախապատրաստել երեխաներին այդպիսի ծաղրանկարներ դիտելուն եւ, մասնավորապես, չպետք է ցույցադրեր մերկ կերպարների լուսանկարները»,-թերթը մեջբերում է կրթության ոլորտի ներկայացուցչի խոսքերը: Նա հաստատել է, որ ուսուցչի նկատմամբ գործադրվել է կարգապահական ընթացակարգ: