Գազն այստեղ հաստատ ունի ոչ առաջնային իմաստ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես է պատասխանել Al Arabiya հեռուստաալիքի հետևյալ հարցին՝ «ինչպե՞ս կմեկնաբանեք այն պնդումները, թե ներկայիս առճակատումը կապված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածքների հետ և տարբերվում է երկու ժողովուրդների միջև ավանդաբար առկա հակամարտությունից իր գազային բաղադրիչով»:

«Փորձ է արվում որոշ ուժերի կողմից այս կոնֆլիկտին տալ երբեմն գազային ենթատեքստ, երբեմն կրոնական ենթատեքստ, երբեմն տարածքային ենթատեքստ: Ինչո՞ւ է այդ ամեն ինչն արվում: Կոնֆլիկտի բուն էությունից ուշադրությունը շեղելու համար: Սա շատ կարևոր է: Տեսեք, Ձեր հարցերին ի պատասխան անընդհատ փորձում էի ասել, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք կոնֆլիկտի էության վրա: Այն ինչի՞ մասին է: Որովհետև որևէ պրոբլեմ բուժելու համար անհրաժեշտ է այն ճիշտ ախտորոշել: Ինչո՞ւ են ասում տարածքային վեճ: Ինչո՞ւ են ասում գազի կոնֆլիկտ: Ինչո՞ւ են ասում երբեմն կրոնական կոնֆլիկտ: Բուն էությունից շեղելու համար»-շարունակելով պատասխանել հարցին` ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ եթե ախտորոշված չէ, ճիշտ ընկալված չէ՝ այդ պրոբլեմը չի լուծվի:

Հետևաբար, ըստ նրա, դա անում են այն ուժերը, ովքեր հետաքրքրված չեն պրոբլեմի էությամբ և պրոբլեմի լուծմամբ.«Հետաքրքրված չեն: Նրանց պետք է նենգափոխել՝ իրենց շահերն այդ համատեքստում սպասարկելու համար: Ի՞նչ կապ ունի գազն այստեղ ընդհանրապես»: