Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բնակիչ Վաչագան Հարությունի Նահապետյանը ռազմադաշտում զոհվել է, փրկելով մարտական ընկերների կյանքը։ 34 ամյա Վաչագանը սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական ագրեսիայի մեկնարկի հաջորդ օրը կամավոր մեկնել էր Արցախ։ Հայրենիքի հանդեպ սերը, կռվող տղաների կողքին լինելու վճռական պատրաստակամությունը և հաղթելու պատրաստակամությունն էին երկու անչափահաս երեխաների հորը տարել մարտադաշտ։

Irakanum.am-ի հետ զրույցում Վաչագան Նահապետյանի մարտական ընկերներից Վախթանգ Այվազյանը, ով ռազմի դաշտում վիրավորում է ստացել և ներկայումս բուժում է ստանում պատմեց, որ զոհված հայորդու հետ Արցախում են ծանոթացել։ Անգնահատելի ուժեղ, քաջարի և միաժամանակ բարի ու ընկերասեր է որակում Վաչագանին, ով մարտի դաշտում զոհվել է փրկելով ոչ միայն իր այլ նաեւ զինակից մյուս ընկերների կյանքը։ Վախթանգ Այվազյանը պատմեց, որ մարտական գործողությունների ժամանակ իրենց առջև խնդիր էր դրված պահպանելու դիրքերը և թույլ չտալ թշնամու առաջխաղացումը։ «Սկսեցին մեր վրա կրակել, ձախ կողմից Վաչոյենք իրանց դասակով պահեցին մեր դիրքերը։ Մենք առաջին օրվանից էլ մարտի դաշտում ծանոթացել ենք, միասին հաց ենք կերել»,- պատմեց Վախթանգ Այվազյանը։

Վախթանգ Այվազյանը պատմեց, որ Վաչագան Նահապետյանը սպասել է՝ թշնամու 6-7 հոգանոց ջոկատը մոտեցել է, այդ ժամանակ ձեռքում եղած երկու նռնակները պայթեցրել է,  ոչնչացնելով նրանց, փրկելով մարտական ընկերների կյանքը։ Սակայն նռնակի պայթյունից զոհվում է նաեւ կամավոր ռազմաճակատ մեկնած Վաչագան Նահապետյանը։ Ընկերոջն ասել է, կփոխանցեք բոլորին ես հերոսաբար եմ զոհվելու, երբեք գերի չեմ ընկնելու։ Զոհված ընկերոջ խոսքերն արցունքներն աչքերին պատմում է Վախթանգ Այվազյանը։

Ինքը՝ Վախթանգ Այվազյանը ուսի շրջանում ստացել է վիրավորում, ներկայումս բուժում է ստանում։ Նշում է, որ այս պահին կռվող տղաները հերոսական պատմություններ են կերտում։ Վստահ է հաղթանակը հայկական կողմինն է լինելու։ Սրանում ոչ մի վարկյան չի կասկածել նաեւ կյանքը հայրենիքին նվիրած Վաչագան Նահապետյանը։

 

Ցավոք Վաչագան Նահապետյանի դին դեռ չեն գտել։ Ընկերները ամեն օր, ամեն վարկյան սպասում են, որ իրենց հերոս ընկերոջ մարմնից թեկուզ մի փոքր հատված կգտնվի, նրան հերոսաբար կհուղարկավորեն և ամեն անգամ նրա շիրիմին այցի գնալիս ու ծաղիկներ խոնարհելիս անպայման կհիշեն՝ այստեղ հանգչում է թշնամու զորքը պայթեցրած իրենց հերոս ընկերը, ում շնորհիվ այսօր ապրում են իրենք։

Փայլակ Ֆահրադյան

Վախթանգ Այվազյանի հարցազրույցը և մարտական ընկերոջ մասին հիշողություններն ամբողջությամբ՝ տեսանյութում։