Վաղ թե ուշ Եվրամիությունը կբախվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման անհրաժեշտությանը, քանի որ Անկարան դժվար թե հրաժարվի Միջերկրական ծովում իր վարքագծից։ Այսպիսի կարծիք է հայտնել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը Մարշալի գերմանական հիմնադրամի տեսասեմինարի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես հասկանում եմ որոշ եվրոպացի գործընկերների մտահոգությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ (այն կապակցությամբ, որ սահմանափակումներ մտցնելը կհարուցի Անկարայի կոշտ արձագանքը)։ Վաղ թե ուշ Եվրոպան կբախվի պատժամիջոցների սահմանման անխուսափելիությանը, որովհետեւ Թուրքիան դժվար թե հրաժարվի իր սադրիչ վարքագծից,- ասել է հույն նախարարը։ — Հետաքրքիր է, թե որտեղ է դրա սահմանագիծը»։

Նրա խոսքով՝ արժե հաշվի առնել ոչ միայն Աթենքին եւ Նիկոսիային ուղղված Անկարայի «բացահայտ սպառնալիքները», այլեւ նրա վարքագիծը Փարիզի եւ Միջերկրական ծովում մյուս խաղացողների նկատմամբ։ «Եվրոպան պետք է վերադառնա իրականություն, Թուրքիայի դեմ պետք է ձեռնարկվեն որոշակի գործողություններ,- նշել է գերատեսչության ղեկավարը։ — Այո, ես պետք է հաշվի առնեմ [ԵՄ ներսում] համաձայնեցման գործընթացը, բայց եթե Թուրքիայի այդպիսի վարքագիծը շարունակվի, վախենում են, որ կոնկրետ կարգի պատժամիջոցների սահմանմանն այլընտրանք չի լինի»։ Միաժամանակ հույն նախարարը կարծիք է հայտնել, որ թուրքական տնտեսությունը խարխուլ վիճակում է եւ սահմանափակումները նրան հետագա վնաս կհասցնեն։