Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Համատեղ հրավերում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ և Շուշի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական առաքելությունը՝ իրավասու մարմիններին հետ սերտ համակարգմամբ երաշխավորելով նրանց անվտանգությունն ու այցի բացառապես մարդասիրական բնույթը։

Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները և այլն։

Այս այցով «պետք է ապացուցել, որ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է, այլ իրական կյանքում իրական մարդկանց պաշտպանելու համար ստեղծված գաղափար»,-ասված է համատեղ հրավերի տեքստում: