Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ այսօր նախատեսված հանդիպումից առաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Ժնևում կարծիքներ են փոխանակել, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը:

«Հինգշաբթի տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ այսօր նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումը»,- նշել է գործակալության
զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդ միջոցառումները «փակ են մամուլի համար»։

Աղբյուրի խոսքով՝ այս պահին հայտնի չէ՝ արդյոք քննարկումների արդյունքում հայտարարություն կհրապարակվի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։