Իրանի Իսլամական Հանրապետության օդուժի հրամանատարը հայտարարել է, որ երկրի Զինված ուժերը պատրաստ է ջախջախիչ պատասխան տալ երկրի սահմանի ողջ երկայնքով թշնամիների ցանկացած արկածախնդրությանը:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մասին բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն ասել է Շահիդ Սաթարիի անվան ռազմաօդային ուժերի համալսարանի շրջանավարտների առաջ ելույթ ունենալիս:

«Այսօր Իսլամական հեղափոխության խելամիտ առաջնորդության, խորհուրդների և ղեկավարության ներքո Զինված ուժերը պատրաստ է պաշտպանել Իսլամական Իրանի տարածքային ամբողջականությունը: Զինված ուժերը պատրաստ է նաև վճռական և ջախջախիչ պատասխան տալ թշնամիների ցանկացած արկածախնդրությանը սահմանի ողջ երկայնքով»,- շեշտել է գեներալը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիոմարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանի սահմանամերձ շրջանների և բնակիչների անվտանգությունը բանակի ցամաքային զորքերի համար «կարմիր գիծն է», և իրենք չեն հանդուրժի բնակչության դեմ ուղղված որևէ սպառնալիք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։