Բանգլադեշում տղամարդուն ինքնադատաստանի են ենթարկել Ղուրանի «պղծման» համար: Ըստ AFP-ի, ամբոխը երկու տղամարդու էր բռնել, ովքեր կալանքի տակ էին գտնվում` Բուրիմարիի գլխավոր մզկիթում Ղուրանի վրա կանգնելու համար: Երկրորդ տղամարդուն հաջողվել էր փրկվել:

«Նրանք ծեծելով սպանեցին տղամարդուն, ապա այրեցին նրա մարմինը»,- ասել է շրջանային ոստիկանության պետ Աբիդա Սուլթանան:

Ոստիկանությունը բերման էր ենթարկել տղամարդկանց` մզկիթում նրանց մեղադրելուց հետո: Նրանց խոսքով` ավելի քան 1000 մարդ ներխուժել էր քաղխորհրդի շենք, որտեղ գտնվում էին ձերբակալվածները: Ոստիկանները 17 կրակոց էին արձակել` ամբոխին հանգստացնելու համար, սակայն չէին կարողացել խանգարել նրանց բռնել 35-ամյա տղամարդուն: Զոհին ծեծելով սպանել են, ինչից հետո ամբոխն այրել էր գրասենյակն ու զոհի դին:

Միջադեպը տեղի է ունենում իսլամի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկնաբանությունների կապակցությամբ աճող զայրույթի ֆոնին մահմեդական մեծամասնություն ունեցող երկրում:

Տասնյակ հազարավոր մարդիկ են այս շաբաթ մասնակցել մայրաքաղաք Դաքքայում եւ Չիտագոնգ նավահանգստային քաղաքում անցկացվող հակաֆրանսիական ցույցերին: