Արտաքին ուժերը որևէ դերակատարություն չպետք է ունենան այս հակամարտության գործում․ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին:

Նա դարձյալ նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող։

«Կողմերը պետք է կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների: Սա հատկապես վերաբերում է ադրբեջանական կողմին, որն այսօր անվճռական է առանց նախապայմանների հրադադարի հարցում: Երկու կողմն էլ պետք է դժվարին փոխզիջման գնան խաղաղության հասնելու համար: ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղություն հաստատելուն ուղղված աշխատանքնեը շարունակելուն»,- նշել է Թրամփի խորհրդականը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։