Ֆրանսիայի Նիս քաղաքի կենտրոնում՝ Նոտր Դամի մոտակայքում, դանակով զինված մարդը հարձակվել է այնտեղ գտնվողների վրա, կա երեք զոհ, մի կին գլխատվել է։

Հարձակումն արդեն գնահատվում է որպես ահաբեկչություն։ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է, որ հարձակում գործած անձը ձերբակալվել է: Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանության աշխատակիցներին արագ օպերատիվ գործողությունների համար:

Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ ճգնաժամային շտաբ է ստեղծվել: Նախագահ Էմանուել Մակրոնն ու վարչապետ Ժան Կաստեկսը ևս շտապել են դեպքի վայր: Հարձակման հետաքննությանը միացել է դատախազության ահաբեկչության հարցերով վարչությունը: Պատահարը տեղի է ունեցել Ֆրանսիայի ժամանակով ատավոտյան 9-ին: Զոհերից բացի, կան նաև վիրավորներ: Հարձակում գործածը ևս վիրավոր է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիական Charlie Hebdo-ն հրապարակել է ծաղրանկար Թուրքիայի նախագագ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին՝ Փարիզի եւ Անկարայի հարաբերությունների լարման ֆոնին։ Ծաղրանկարում կիսամերկ Էրդողանն է, նստած բազմոցին եւ խմում է զովացուցիչ ըմպելիք։ Ձեռքով բարձրացնում է աղախնի զգեստի փեշը։ Ծաղրանկարը մակագրված է հետեւյալ կերպ․ «Էրդողանը անձնական կյանքում շատ ծիծաղելի է»