Վրաստանի կառավարությունը կվճարի բնակչության մի մասի էլեկտրաէներգիայի և բնական գազի համար 4 ամսվա կոմունալ հաշիվները, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:

Ֆիզիկական անձանց կոմունալ ծառայությունները կվճարվեն նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների համար: Այս որոշումը կառավարության հակաճգնաժամային նախագծի մի մասն է՝ կորոնավիրուսից տուժած Վրաստանի բնակիչների հասանելիք օգնության շրջանակում, փոխանցում է newsgeorgia.ge-ն:

Վարչապետը նշել է, որ այն քաղաքացիները, ովքերն նման օգնության կարիք չունեն, կարող են այսօրվանից հրաժարվել և համապատասխան դիմում ներկայացնել:

«Մենք արդեն ներկայացրել ենք կառավարության հակաճգնաժամային ծրագրի 3-րդ ալիքը: Դա ներառում է օգնություն ինչպես բիզնեսին, այնպես էլ սոցիալական աջակցություն: Նոյեմբերի 1-ից սկսվում է մեր քաղաքացիների կոմունալ ծախսերի վճարումը ձմռան սեզոնի համար: Դա կլինի 4 ամիս՝ սկսած նոյեմբերից: Այս օգնությունը կվերաբերի յուրաքանչյուր ընտանիքի, որը մինչև 200 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչպես նաև մինչև 200 խմ գազ է օգտագործում, ներառյալ՝ ջրի և մաքրման ծախսերը»,- հայտնել է վարչապետը:

Նշվում է, որ Վրաստանում ամսական մինչև 200 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա սպառող աբոնենտների թիվը 1,2 մլն է: Կառավարությունը նրանց կոմունալ վճարների համար կծախսի 5,3 մլն դոլար:

Մինչդեռ երկրում կա  670 000 աբոնենտ, ովքեր ամսական մինչև 200 խմ գազ են օգտագործում: Կառավարությունը նրանց ծախսերի մարման համար կվճարի 8,4 մլն դոլար: