ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում խորին ցավակցություն է հայտնել՝ Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների ողբերգական հետեւանքների կապակցությամբ:

«Հատկապես վրդովմունք է առաջացնում ցինիկ եւ դաժան հանցանքը, որն իրագործվել է եկեղեցու պատերի ներսում: Հերթական անգամ համոզվեցինք, որ ահաբեկիչները հեռու են մարդկային բարոյականություն հասկացությունից: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է ողջ միջազգային հանրության ջանքերի միավորում»,-ասվում է հեռագրում:

Պուտինը հաստատել է ֆրանսիացի եւ այլ արտասահմանցի գործընկերների հետ հակաահաբեկչական գործունեության ուղղությամբ սերտ համագործակցության ռուսական կողմի պատրաստակամությունը:

Նա նշել է, որ ռուսաստանցիները կիսում են Ֆրանսիայի ժողովրդի ցավն ու ցասումը եւ անկեղծ ցավակցություն հայտնում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: