Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին, Լուիս Ալբերտո Լակաժե Էռերան, Տաբարե Վասկեսը և Խոսե Մուխիկան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին:

«Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը՝ որպեսզի վերսկսվեն անհապաղ հրադադարի, խաղաղության, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը հասնելուն ուղղված բանակցությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Խուլիո Մարիա Սանգինետտին Ուրուգվայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1985-1990 և 1995-2000 թվականներին, Լուիս Ալբերտո Լակաժե Էռերան՝ 1990-1995 թվականներին, Տաբարե Վասկեսը՝ 2005-2010 և 2015-2020 թվականներին, Խոսե Մուխիկան՝ 2010-2015 թվականներին: