Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում:

Հմուտ և կազմակերպված գործողությունների համար, որոնց շնորհիվ հակառակորդին պատճառվել են զգալի մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ, փոխգնդապետ Կորյուն Սուրենի Ավետիսյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Թշնամական ուժերի առաջխաղացման փորձերը կասեցնելու և վերջինիս մեծ չափերի կորուստներ հասցնելու համար փոխգնդապետ Սեյրան Վալերիի Հակոբյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Յուրային հրետանու հստակ ու պլանաչափ աշխատանքը կազմակերպելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար գնդապետ Արամ Այվարի Խաչատրյանը կներկայացվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի ծառայությունների համար գնդապետ Կարեն Կառլենի Բաբայանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով: Փոխգնդապետ Նորայր Հրաչիկի Հայրապետյանը նույնպես աչքի է ընկել հակառակորդի ջախջախմանը նպաստող գործողություններով, ինչի համար էլ ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի պետական պարգևի է արժանացել նաև փոխգնդապետ Արայիկ Ռազմիկի Բախշյանը՝ հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության և խիզախության համար:

Վիրավոր զինծառայողների տարհանման ու վիրահատական գործընթացին նպաստելու համար կամավորական Արմեն Համլետի Բդոյանն ու վարորդ-սանիտար Ալբերտ Վրեժի Սահակյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների: Նույն կարգի պատվաբեր մեդալներ են վաստակել նաև շարքային-պայմանագրայիններ Էմիլ Արկադիի Հայրապետյանը, Արմեն Վագիֆի Մանվելյանն ու Վաղինակ Լևոնի Հարությունյանը՝ մարտական պայմաններում սանիտարական մեքենաների բնականոն աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար: