Ժնևում կայանալիք Մնացականյան-Բայրամով բանակցությունների մասին ոչինչ վստահաբար պնդել չեմ կարող, բայց գիտեմ, որ ԱԳ նախարարների միջև տեղի են ունենալու կոնսուլտացիաներ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ սկսել ՀՀ վարչապետի հետ, բանախոսը նկատեց՝ այդ հանդիպումը նախ պետք է պատրաստվի, այնուհետ հայկական կողմը պետք է հասկանա՝ Ալիևն ինչ է ուզում:

«Ամեն ինչ խառնվել է իրար: Ոնց որ թե, Ալիևն իր իշխանությունը հանձնել է Էրդողանին, որովհետև նա է խոսում միջազգային կառույցներում իր եղբոր փոխարեն: Այս պահին էլ մենք ծանր մարտերի գնով պահում ենք մեր անվտանգության համակարգը, և այդ հաջողություններից ու մեր ժողովրդի կերտած հերոսապատումներից բանակցություններում մենք մեր կամքը կթելադրենք», — ասաց նա: