ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջո Բայդենն այս մասին հայտարարություն է տարածել:

«Հոկտեմբերի 25-ին պետքարտուղար Պոմպեոյի կողմից հայտարարված հրադադարի խախտումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է լայնամասշտաբ հումանիտար աղետի առաջ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն մեծապես տառապել է, և նրա անվտանգությունը պաշտպանելու կարիք կա: Մեկ ամիս տևած ռազմական գործողություններից հետո ժամանակն է, որ նախագահ Թրամփը ուղիղ դիմի Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին՝ դեէսկալացիայի հասնելու և ադրբեջանական զորքերի առաջխաղացումը ԼՂ-ում կանգնեցնելու հարցով: Չնայած քարոզարշավային հավաքների ընթացքում նա հպարտանում է գործարքներ կնքելու իր կարողություններով, բայց Թրամփը դեռ անձնական մասնակցություն չի ունեցել պատերազմը կանգնեցնելու հարցում: Նախագահի աշխատակազմը պետք է ամբողջությամբ իրականացնի և չհրաժարվի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջներից՝ դադարեցնելով  ռազմական աջակցությունն Ադրբեջանին»,- ասված է հայտարարության մեջ:

Նա ընդգծել է, որ հակամարտությունը սրվում է նաև կողմերին զենքի մատակարարումների միջոցով, իսկ Թուրքիայի պարագայում՝ նաև վարձկանների ներգրավմամբ:

«ԱՄՆ-ն պետք է մեր եվրոպացի գործընկերների հետ գլխավորի դիվանագիտական ջանքերը ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ և ձգտի հասնել  միջազգային հումնաիտար օգնության, որպեսզի տառապանքներին վերջ դրվեն: Իմ ղեկավարությամբ մենք այդպես էլ կանենք»,- նշված է Բայդենի հայտարարության մեջ: