2010-2012 թվականների նախկին վարկատուները ներել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի քան 280 մլն դոլարի չափով պարտքերը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Թրամփի հարկային հայտարարագրերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Թերթի տեղեկություններով՝ պարտքերի մեծ մասը կապված է եղել Չիկագոյում Trump International Hotel and Tower բազմահարկ շենքի կառուցման հետ: Նախագծի մշակման ու իրականացման համար Թրամփի ընկերությունը 2005 թվականին հարյուրավոր միլիոն դոլարների չափով վարկեր է վերցրել, ներառյալ՝ 640 մլն դոլար Deutsche Bank-ից, եւս 130 մլն դոլար՝ Fortress Investment Group ամերիկյան ներդրումային հիմնադրամից: Վարկերը պետք է վճարվեին 2008 թվականին բնակարանների, առեւտրային եւ գրասենյակային տարածքների վաճառքից, ինչպես նաեւ ձեռնարկությունների, այդ թվում՝ Թրամփի հյուրանոցի աշխատանքների հաշվին:

Ֆինանսական ճգնաժամի հետեւանքները

Թերթը նշում է, որ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը բացասական է ազդել նախագծի շահույթի վրա, ինչի հետեւանքով Թրամփը ստիպված է եղել նախ խնդրել պարտքի վճարման համար տարկետումը, իսկ ավելի ուշ հայց է ներկայացրել Deutsche Bank-ի դեմ՝ բանկի ղեկավարությանը մեղադրելով ճգնաժամի առաջացմանը նպաստելու մեջ: 2010 թվականին 3 կողմերը դատարանին հայտնել են համաձայնության հասնելու մասին, որի մանրամասները հայտնի չեն: Թերթի պնդմամբ՝ Թրամփի հարկային հայտարարագրերը վկայում են այն մասին, որ վարկատուները, առաջին հերթին՝ Fortress Investment Group-ը, համաձայնել է ներել Թրամփի պարտքերի մի մասը, որոնք այդ պահին կազմել են ավելի քան 300 մլն դոլար:

Գրեթե 180 մլն դոլարի պարտք է ներվել 2010 թվականին, եւս 100 մլն դոլար՝ 2 տարի անց: Ընդհանուր առմամբ, ընկերությունը, որի ղեկավարությունը հետագայում դարձել է Թրամփի նախընտրական քարոզարշավի խոշոր ֆինանսական դոնոր, ստացել է գրեթե 48 մլն դոլար հարկային վճարման տեսքով: Deutsche Bank-ից վերցված պարտքի մոտ 100 մլն դոլարը Թրամփի ընկերությունները վճարել են մի քանի տարվա ընթացքում:

Սեպտեմբերին նույն թերթը գրել է, որ իր լրագրողները ծանոթացել են Թրամփի հարկային հայտարարագրերի հետ ավելի քան 20 տարի: Դրանցում ասվում է, որ 2016 եւ 2017 թվականներին նա վճարել է 1,5 հազար դոլարի չափով եկամտահարկ, այսինքն՝ տարեկան 750-ական դոլար: Նախագահը հայտարարել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Թերթի հրապարակման մեջ ասվում է, որ հանրապետականը պետք է 3 տարվա ընթացքում վերադարձնի գրեթե 300 մլն դոլարի չափով պարտքը, ընդ որում, նրա ընտանիքի ընկերությունների պարտքերի ընդհանուր գումարը կազմում է 421 մլն դոլար:

Ավելի ուշ The New York Times-ը հայտնել է, որ Թրամփը, իբր, գաղտնի բանկային հաշիվ ունի Չինաստանում: Թերթի տեղեկություններով՝ 2013-2015 թվականներին այդ հաշվից, իբր, վճարվել է ավելի քան 188 հազար դոլար հարկերի տեսքով: