ՀՀ նախագահի աշխատակազմը ընդհանուր առմամբ 81,3 միլիոն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար։ Այս մասին նախագահի աշխատակազմից հայտնել են Irakanum.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Միաժամանակ աշխատակազմից նաեւ տեղեկացրել են, որ այդ գումարի մի մասը Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդին է փոխանցվել 2020 թվականի պետական բյուջեից Հանրապետության նախագահի աշխատակազմին հատկացված միջոցներից, իսկ մյուս մասն աշխատակիցների կողմից փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի հաշվեհամարին:
Եվս 10 մլն դրամ Հանրապետության նախագահի աշխատակազմը փոխանցել է ժամանակավորապես Հայաստան տեղափոխված  արցախցի ընտանիքների սննդի կազմակերպման նպատակով:

Գրավոր հարցմամբ խնդրել էինք նաեւ հայտնել, թե որքան պարգևավճար են ստացել նախագահականում ընթացող տարում։ Հարցմանն ի պատասխան, սակայն տեղեկացրել են․ «Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների պարգևատրումները հատկացվել են Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված համամասնությունների համաձայն: Նշված տեղեկությունները հասանելի են minfin.am կայքի Պետական բյուջե» բաժնում:

Հավելենք, որ վերջին եռամսյակում նախագահի աշխատակազմի աշխատակիցները պարգևավճարներ չեն ստացել:

Irakanum.am