Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու հետևանքով զոհված Գևորգ Գրիգորի Ջավախյանը Երևանից էր։ 19 ամյա զինծառայողը նախորդ տարի էր զորակոչվել բանակ։ Պատերազմի դաշտում Գևորգը ստացել էր ծանր վիրավորում՝ գլխի, աչքի ու ոտքերի շրջանում։

Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Գևորգի դասընկերուհիներից Նարինե Վարդանյանը։ «Գևորգին ճանաչում եմ հինգ տարի, երկու տարի միասին սովորել ենք դպրոցում։ Երկու տարվա ընթացքում ինձ համար նա շատ հարազատ մարդ էր դարձել»,- պատմեց դասընկերուհին։ Նարինե Վարդանյանի խոսքով՝ Գևորգ Ջավախյանին բանակ ճանապարհելիս դասընկերներով տխրել են, բայց Գևորգը բոլորին դուխ է տվել, խոստանալով երկու տարի անց նորից հանդիպելու են։

«Մենք շատ էինք տխրում իր համար, չէինք ուզում որ նա հեռանար մեզանից, իրան շատ էինք սիրում ու սպասում էին իր վերադարձին, ինքը մեր ուրախությունն էր։ Ես չեմ հավատում մինչեւ հիմա, որ նա էլ չկա․․․»,- ասաց Նարինե Վարդանյանը, հավելելով, որ Գեւորգը նաեւ իր նմանակումն էր անում նեղանում էր, բայց միեւնույն է հոգու խորքում  շատ էր սիրում։


Դասընկերուհին ասաց, որ սկզբում տեղեկացել են, որ Գևորգը ծանր վիրավորում է ստացել և տեղափոխել են հիվանդանոց։ «Կոմայից դուրս չէր գալիս, հետո․․․ սպասում էինք, որ աչքերը կբացի, բայց այսօր իմացանք, որ սիրտը կանգնել է, չի դիմացել»,- արդեն արցունքները չսպելով շարունակեց Նարինե Վարդանյանը։

Դասընկերուհիներից Տաթև Նազարեթյանն էլ ասաց, որ Գևորգին 13 տարի է ճանաչում էր։ Դպրոցում բոլորի կողմից սիրված էր։ Երազում էր դերասան դառնար։ Դպրոցում բոլոր ուսուցիչների նմանակումն էր անում։ «Անգամ դասատուրներն էին ասում մեր ձևերն արա։ Երբ, որ մենք անգամ հեռախոս չունեինք, էն փոքր Սամսունգներն էին, որ հազիվ կամերա ուներ, ինքը միշտ իմ հեռախոսով վիդեոներ էր անում, կադրեր հումորային․․․։ Ինքը միշտ ուզում էր երևալ, լավ բիթ էր բռնում, համերգներ էլ է ունեցել»,- պատմեց Տաթեւ Նազարեթյանը։ Գևորգը բանակից էլ դասընկերների հետ կապը պահել է։ Տաթևն  ասում է, որ ամեն օր զանգում էր, անգամ կարող էր քրոջը չզանգել, բայց իրենց հետ պարտադիր խոսում էր։ Վերջին անգամ խոսել են ուրբաթ օրը։ «Ու դրանից հետո էլ լուր չենք ունեցել, դրանից հետո մեր ընկերներից մեկը զանգեց ասեց, որ Գևը վիրավոր է, մի երկու օր ման եկանք իրան գտանք, բայց մինչև հիմա չեմ ուզում հավատալ, որ դա ինքն է, ուզում եմ հավատամ, որ ինքն ուղղակի ուրիշ հիվանդանոցում է ու ողջ է․․»,- ասաց Տաթև Նազարեթյանը։

Դասընկերուհիները պատմեցին, որ Գևորգը շատ հումորասեր, ընկերասեր էր։ Վերջին անգամ ձմեռն էր եկել, գնացել էինք իրանց պատուհանի տակ կանգնել էինք, իրա հագուստն էր լվացած պարանից կախված, մի ժամ սպասում էինք, զանգում էինք, ձեն էինք տալիս, ասում էինք կմնանք էնքան մինչև գաս։ Հենց փողոցն էինք անցնում դուրս եկավ մեր դիմաց, չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ ուրախություն ապրեցինք, բա հիմա չլավանար, գնայինք գրկեինք․․․․»,- լացելով հիշում էր դասընկերուհին։

Հավերժ փառք հերոս հայորդի։

Փայլակ Ֆահրադյան