Ռուսական օդատիեզերական ուժերն իրենց սիրիացի գործընկերների հետ երեքշաբթի և չորեքշաբթի հզոր հարվածներ են հասցրել Կենտրոնական և Արևելյան Սիրիայի հատվածներում՝ ծանր վնաս հասցնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, գրում է almasdarnews.com-ը։

Ըստ առկա տեղեկությունների՝ ռուսական և սիրիական ռազմաօդային ուժերը ծանր հարվածներ են հասցրել Բադիա աշ Շամ շրջանին:

Հաղորդագրություններում ասվում է, որ ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռներն այդ շրջանում ոչնչացրել են «Իսլամական պետության» թաքստոցները՝ սպանելով և վիրավորելով ահաբեկչական խմբավորման մի քանի գրոհայինների:

Նշվում է, որ Ռուսաստանի և Սիրիայի ռազմաօդային ուժերը շարունակում են գրոհը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թաքստոցների ուղղությամբ։

Հիշեցնենք, որ օրերս ռուսական օդատիեզերական ուժերը Իդլիբի հյուսիսում գտնվող «Ֆայլակ աշ-Շամ» մարզումային ճամբարի ուղղությամբ հզոր հարվածներ էր հասցրել: Ռուսական հարվածներն ավերիչ են եղել․ հաղորդվում է 200-ից ավելի զոհերի մասին։ Դրան հաջորդել էր Թուրքիայի հովանավորյալ զինյալների պատասխան հարվածը Սիրիայի կառավարական բանակի և կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից հետո ռուսական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ուժեղացրել են իրենց օդային ակտիվությունը, հատկապես՝ Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո։