Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովման հարցը քննարկվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած հեռավար ընդլայնված նիստի ընթացքում։

Գործարարները կարևորեցին իրենց բնական առօրյայից հարկադրաբար կտրված արցախցի հայրենակիցներին վարձատրվող կամ կամավորական աշխատանքներում ներգրավելը,  ինչը թույլ կտա ոչ միայն որոշակի նյութական օժանդակություն ապահովել, այլև պահպանել եղած մասնագիտական հմտությունները, նաև՝ հոգեբանական աջակցություն տրամադրել։

Նիստում անդրադարձ եղավ հնարավոր աշխատատեղերի հաշվառման, ցանկացողների ցուցակագրման, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման գործընթացի կազմակերպչական մեխանիզմներին։ «Վերջիններիս ամբողջական մշակումից հետո  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հանդես կգա հայտարարությամբ՝ արցախցի հայրենակիցներին ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզերի ընկերություններում աշխատանքի տեղավորման հնարավորություններն ու պայմանները»,-նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, միաժամանակ գոհունակություն հայտնելով գործարար համայնքից՝ ոչ միայն արցախյան ներկայիս գոյամարտի համար ցուցաբերվող նյութական շարունակական զգալի աջակցության  համար, այլև պարտադրված պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախահայությանը զբաղվածությամբ ապահովելու պատրաստակամության համար։