Այսօր ընդունեցի Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետեւողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված երեք հումանիտար հրադադարի՝ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտման հանգամանքի վրա:

Ընդգծել եմ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությունը, ինչը դրսեւորվում է Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությամբ, հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ-ահաբեկչներ հավաքագրմամբ ու տեղափոխմամբ, ինչպես նաեւ հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու կոչերով։

Բարձր եմ գնահատել հայ-ֆրանսիական խոր արմատներ ունեցող բարեկամությունը, հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի եւ անձամբ նախագահ Մակրոնի ներդրած ջանքերը, ինչպես նաեւ մեզ համար կարեւոր այս ժամանակահատվածում Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակության այցը Հայաստան եւ Արցախ:

Դեսպան Լաքոտը վերահաստատել է հակամարտության միմիայն խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը: