ԱԱԾ կողմից բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից հակառակորդի համար փաստեր հավաքագրելու դեպք, Քննչական կոմիտեում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։

«Տվյալ բարձրաստիճան զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ, այդ թվում նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ, փոխանցել հակառակորդին», — ներկայացրեց Աբազյանը։

Նրա խոսքով՝ մեկ այլ դեպքով էլ օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի և այլ բնույթի տեղեկություններ։

Նա ասաց, որ երկու դեպքով էլ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր, գտնվում են նախաքննության փուլում։

«Զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ.-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ և ստահոդ լուրեր ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ։

Տվյալ անձը ձերբակալվել է, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», — ասաց Աբազյանը:

ԱԱԾ-ն այս շրջանում բացահայտել է նաև Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխելու մի շարք դեպքեր, այս ուղղությամբ ոստիկանության հետ համատեղ իրականացվել են համապատասխան աշխատանքներ։