Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել վերջին ամսին Թուրքիայի իշխանությունների կողմից տասնյակ քաղաքական գործիչների, քաղաքական ակտիվիստների, փաստաբանների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների ձերբակալության առնչությամբ։

Իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ «Սեպտեմբերի կեսերից Թուրքիայի ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է իրականացնում ամբողջ երկրում, որոնց ընթացքում «ահաբեկչության» մեղադրանքով ձերբակալվում են տասնյակ քաղաքական գործիչներ, քաղաքական ակտիվիստներ, փաստաբաններ և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ»:

Նշվում է, որ զանգվածայի ձերբակալությունները դարձել են իրավապահ մարմինների սովորական պրակտիկան, ինչը բացասական ազդեցություն է ունենում մարդու իրավունքների վրա՝ ամբողջ երկրի տարածքում խորացնելով վախի և բռնաճնշումների մթնոլորտը։

«Amnesty International-ը խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ ահաբեկչության դեմ պայքարի մասին սահմանված օրենքների շրջանակում շարունակվող դաժան հետաքննությունները, կամայական ձերբակալությունները և անհիմն դատական հետապնդումները ավելի են խաթարում արդար դատաքննության իրավունքը և կհանգեցնեն մարդկանց կամայական ազատազրկման»,- ասված է հաղորդագրության մեջ: