ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու և շարունակական հարվածների հետևանքով Արցախում հոկտեմբերի 26-ին քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել: Այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, հրապարակման մեջ նշելով նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որի ղեկավարած երկրի ջանքերով հոկտեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց հումանիտար հրադադարի երրորդ պայմանավորվածություն:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ միջազգային հանրության, և այս անգամ Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերով ձեռք բերված հրադադարը հաստատել չհաջողվեց: Ադրբեջանի կողմից շարունակական հարվածների հետևանքով Արցախում զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք»,- գրել է Փաշինյանը: