Ռուբեն Գալստյանը այն քաջ հայորդիներց է, որն անմահացավ հանուն հայրենիքի: 20 տարեկան էր, Շիրակի մարզի Ձորակապ համայնքից: Ավարտել էր Ձորակապի միջնակարգ դպրոցը ու միանգամից մեկնել ծառայության՝ մեծ սիրով ու հպարտությամբ, զորացրվելու էր հունվարին:

«Շատ նպատակներ ուներ, շատ շնորհքով էր, փայտից սեղան ու աթոռ էր պատրաստում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց զոհված Ռուբեն Գալստյանի հորեղբոր աղջիկը՝ Կարինե Գալստյանը:

Ռուբենն ունի մեկ քույր ու եղբայր, որը շուտով զորակոչվելու է բանակ:

Քույրն ասում է՝ թեև հնարավորություն  ունեին այնպես անել, որ Ռուբենը Արցախում չծառայեր, բայց նրա կամքն է եղել:

«12 տարեկան էր, որ կորցրեց հորը: Շատ ընկերասեր, խելոք, ու ամաչկոտ էր Ռուբը, նույնիսկ, որ հարց էինք տալիս իրեն, կարմրում էր»,- վերհիշում է Կարինեն:

Զինվորական կյանքին սովորելն այդքան էլ հեշտ չէ, սակայն Ռուբենը շատ շուտ հարմարվեց, քանի որ բանակում ծանոթացել էր մի աղջկա հետ և սիրահարվել. «Ստեփանակերտում էր ծառայում Ռուբենը, այդ աղջկա՝ իր կյանքում հայտնվելը շատ բան փոխեց, նրա ներկայությունից իրեն լավ էր զգում»,- ասաց Ռուբենի հորեղբոր աղջիկը:

Ռուբենը հերոսաբար ընկել է պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, նախորդ օրը վերջին անգամ խոսել է մայրիկի հետ, ասել, որ ամեն ինչ լավ է, բայց չի կարող խոսել: «Դեպքը տեղի է ունեցել հերթապահության ժամանակ, բայց իր հերթապահելու օրը չի եղել. փոխել էր ընկերոջ հետ»,- մեծ ցավով ասաց Կարինեն: