Մենք պետք է հասկանանք, որ սա ճակատագրական պահ է, և հիշենք, որ առյուծի նման տղերք ունենք, որոնք բառիս բուն իմաստով առյուծի նման կռվում են, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հանրության մեջ պետք է լինի այն տրամադրությունը, որ մարտի դաշտից փախածն արժանանա հանրային սուր պարսավանքի: Մենք պետք է համազգային կոնսենսուս ունենանք: Բոլոր այն մարդիկ, որոնք լքել են իրենց վստահված դիրքը, պետք է իմանան, որ արժանանալու են հանրային պարսավանքի: Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք կանգնել», —  ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ անթույլատրելի է, երբ բժիշկն ու քաղաքացին համաձայնության են եկել տղային կորոնավիրուսային հիվանդություն վերագրել, որպեսզի նա խուսափի զորակոչից:

Վարչապետը միաժամանակ հիշեցրեց իր հայտարարությունը՝ ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, մեկնել առաջնագիծ, բայց մեկը պետք է լինի՝ կատարելու վարչապետի պարտականությունները: