Մենք այս ընթացքում եղել ենք մաքսիմալ ճկուն, և եկել ենք նրան, որ Ադրբեջանը ոչ թե հարցի լուծում է ուզում, այլ՝ Ղարաբաղի կապիտուլյացիա, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը միշտ ցանկացել է ավելին: Հայ ժողովուրդը պատրաստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ, այո, հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների: Բայց, կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի: Մենք պետք է ուժ ունենանք գործելու մեր շահերի կարմիր գծերին մոտիկ, բայց մյուս կողմից անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի: Հետևաբար պետք է գտնենք ռեսուրսներ՝ պաշտպանելու մեր շահերը: Մենք պետք է իրավիճակը դարձնենք այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ՝ փոխզիջումը: Բայց Ադրբեջանը պատրաստ չի եղել և հիմա առավել ևս պատրաստ չէ փոխզիջման, դրա համար էլ պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ռեսուրսները», — մանրամասն ասաց ՀՀ վարչապետը: