Այո, իմ հարգելի ժողովուրդ, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Ճեպազրույցի ընթացքում այս մասին տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, ես հավատում եմ հայ զինվորի խելքին, հմտությանը, տոկունությանը, հայ զինվորը այսօր էլ, երեկ էլ, նույնիսկ եթե ինչ որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին, և սա կրկնվում է գրեթե ամեն օր։ Հաճախ մենք, այո, նահանջում ենք, նահանջում ենք, որովհետև մարդկանց կայնքն ավելի թանկ է, նոր բնագծեր ենք զբաղեցնում, բայց դա ճակատագրական չէ, վիճակը ծանր է, մարտերը՝ դաժան, պատերազմը՝ սաստիկ, բայց անելանելի չէ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ հակառակորդը այսօր հարավ–արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում է ձեռնարկել՝ միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները։ «Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերակականգնել առաջնագիծը։ Նույն ժամանակ նախկինում նշված Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները, որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաները, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են։ Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում որոնողական և ջախջախման գործընթացները շարունակվում են»։

Հովհաննիսյանը նկատեց նաև, որ այսօր հայ գեներալը կանգնած է զինվորի կողքին։ «Շատ հաճախ հայ գեներալը ավտոմատը ձեռքին կռվում է, հայ գեներալը հակատանկային միջոցը ձեռքին տանկ է խոցում, կանգնած է զինվորի կողքին, կանգնած է կամավորականի կողքին, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք։ Մենք այսպիսի օրեր շատ ենք տեսել մեր պատմության ընթացքում, շատ ենք կանգնել նման ճակատագրական պահի առաջ, բայց ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, որովհետև այլընտրանք չունենք, սա մեր գոյության կռիվն է»։